Հռոմի պապը Բաքվում ասել է, որ ակնկալում է միջազգային հանրության օգնությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

09:51 • 03.10.16

Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը երեկ Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան կենտրոնում, Ադրբեջանի կառավարության, հասարակական կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը կօգնի խնդրի կարգավորման հարցում:

 

«Ես լիահույս եմ, որ միջազգային հանրությունը կկարողանա իր օգնությունը տրամադրել այս հարցում»,-մեջբերում է trend.az կայքը պոնտիֆիկոսի խոսքերը:

 

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար Հռոմի պապը կոչ է արել բոլորին օգտվել ցանկացած հնարավորությունից ԼՂ հակամարտությանը բավարար լուծում գտնելու համար:

 

«Վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և հակամարտությունում ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կլինի այն վայրը, որտեղ երկխոսության և բանակցությունների շնորհիվ վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն, կհաղթահարվեն»,-շարունակել է կաթոլիկների հովվապետը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, երեկ առավոտյան Ֆրանցիսկոս պապը պապական այցով ժամանել էր Բաքու, ինչի կապակցությամբ Ադրբեջանի և Վատիկանի պետական դրոշներով զարդարված Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պոնտիֆիկոսին դիմավորելու էին եկել երկրի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք:


Նշենք, որ Հռոմի պապի այցն Ադրբեջան կարճատև է եղել. կաթոլիկների հովվապետը Վատիկան է վերադարձել նույն օրը երեկոյան:

 

Այցելության շրջանակում Պապը Սուրբ պատարագ է մատուցել Բաքվի Սուրբ Աստվածամայր կաթոլիկ եկեղեցում, այնուհետև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: