Իրանից Հայաստանով դեպի Եվրոպա բեռնափոխադրման շուրջ համաձայնություն կա. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար

22:37 • 12.10.16

Արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանի կառավարությունն աշխատանքներ է տանում Իրանի հետ երկու երկրներ կապող երկաթուղու կառուցման ուղղությամբ: Սակայն մինչ երկաթուղու կառուցելը, որը կպահանջի հսկայական ներդրումներ և երկար ժամանակ, քննարկվում են Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ Հայաստանի տարածքով փոխադրումներ իրականացնելու հեռանկարները: Թեհրանում կազմակերպված «Հայաստան էքսպո»-ի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացվածությունն էլ ավելի առարկայական է դարձրել նման համագործակցության հնարավորությունը: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը:


«Ցուցահանդեսի շրջանակներում մեր ներկայացուցիչները հանդիպեցին ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդիին, երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկվեցին նաև ՀԿԵ և Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ընկերակցության ներկայացուցիչների հանդիպմանը: Ի դեպ, այս ընկերակցության ներկայացուցիչները մոտ օրերս կայցելեն Երևան համագործակցության մասին հարցը քննարկելու համար: ՀԿԵ ներկայացուցիչները հանդիպեցին նաև Իրանի երկաթուղու, մաքսային ծառայության, տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ՝ եվրոպական երկրներից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ՝ այսինքն ավտոմոբիլային և Հայաստանի երկաթուղային տրանսպորտի մասնակցությամբ, փոխադրումների իրականացման նախագիծը քննարկելու համար», -ասաց Վարդան Ալոյանը:  


Նա նշեց, որ հետաքրքրական էր, որ Թեհրանում բոլորն էին հետաքրքրված այս նախագծի հեռանկարով: «Բազմաթիվ գործարարներ, տրանսպորտի և կապի ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրվում էին, թե, ե՞րբ է դա լինելու: Պարզվում է, որ այդ հարցը ոչ միայն մեզ, այլ նաև իրենց է հետաքրքրում»,- ասաց նա:


Ինչպես մանրամասնեց երկաթուղու մամուլի խոսնակը, մուլտիմոդալ փոխադրումները նախատեսում են Իրանից ավտոմոբիլային տրանսպորտով մինչև Հայաստանում գտնվող Երասխ երկաթուղային կայարան բեռնափոխադրումներ, իսկ այնտեղից արդեն բեռները հայկական գնացքներով փոխադրվելու են դեպի վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետև՝ եվրոպական շուկաներ:


Ըստ նրա՝ նման երթուղու գաղափարն իրանցիներին գրավում է, քանի որ այդ ճանապարհը, որպես այլ շուկաներ դուրս գալու միջոց, ավելի անվտանգ և շահավետ է: «Մեր մոտից ավելի արագ կստացվի բեռնափոխադրումներ տեղափոխելը, քան Եվրոպայից Բանդար Աբաս հասնելը»,- ասաց նա։


Վարդան Ալոյանը նշեց, որ ՀԿԵ-ի գլխավոր նպատակն է ներգրավել բեռներ հատկապես Իրանի հյուսիսային շրջաններից, որոնք առավել մոտ են Հայաստանին, և ամեն ինչ արվում է դա իրականություն դարձնելու համար: «Մենք արդեն վրացիների հետ բանակցել ենք, որ հենց տարանցիկ բեռնափոխադրումների համար սակագներն իջեցնեն, որ մենք էլ մրցակցային լինենք՝ և արագության, և սակագների առումով: Վրացիներին էլ է դա ձեռնտու․բեռնափոխադրումներն իրենց նավահանգիստ են գալու»,- ասաց նա:


Ըստ Վարդան Ալոյանի՝ այս նախագիծը կյանքի կոչելու համար այժմ անհրաժեշտ է արդեն պետական կառույցների աջակցությունը՝ որոշ տեխնիկական հարցեր լուծելու համար․«Խոսք է գնում մաքսային ձևակերպումների արագացման մասին: Հիմա արդեն նախապատրաստական նմանատիպ հարցերով ենք զբաղված»:


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հաստատեց, որ կա նման երթուղին շահագործելու ռեալ համաձայնություն:


«Մուլտիմոդալ փոխադրումների գաղափարն առաջացել է դեռ 3 տարի առաջ և մենք ակտիվ աշխատել ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ՝ այն իրագործելու նպատակով: Բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել իրանական, վրացական կողմերի պատասխանատուների հետ», - ասաց Վարդան Ալոյանը: 

 

Իրանից Հայաստանով դեպի Եվրոպա բեռնափոխադրման շուրջ համաձայնություն կա. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար