ԱՄՆ-ի դեմ ուղղված կիբեռհարձակումներն իրագործվել են անձամբ Պուտինի հրահանգով. Քլինթոն
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի դեմոկրատ մասնակից Հիլարի Քլինթոնն իր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռուստաբանավեճի ժամանակ ասել է, որ ամերիկյան քաղաքական կազմակերպությունների, այլ կառույցների, ինչպես նաև մասնավոր անձանց հաշիվների դեմ ուղղված կիբեռհարձակումներն իրագործվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հրահանգով:
«Ռուսական կառավարությունը զբաղվում է ամերիկացիների դեմ ուղղված լրտեսությամբ: Նրանք կոտրել են ամերիկյան կայքեր, մասնավոր անձանց ու ինստիտուտների հաշիվեր: Հետո նրանք ստացված տեղեկությունները փոխանցել են WikiLeaks-ին, որպեսզի կայքը դրանք հրապարակի համացանցում: Դա արվել է Ռուսաստանի ղեկավարության՝ անձամբ Վլադիմիր Պուտինի հրահանգով»,- մեջբերում է CNBC-ն Քլինթոնի խոսքերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը Նևադա նահանգում կայացած վերջին հեռուստաբանավեճի ընթացքում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականությանն առնչվող բոլոր հարցերում շատ ավելի խելամիտ է գործել, քան իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Նա (Քլինթոնը-Tert.am) Պուտինին չի սիրում, քանի որ Պուտինը բոլոր հարցերում Քլինթոնին «մատի վրա է խաղացրել»: Պուտինը բոլոր հարցերում՝ լինի Սիրիան, հրթիռները կամ մեկ այլ բան, նույն կերպ է վարվել նաև Օբամայի հետ»,- մեջբերում է tass.ru-ն ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող Թրամփի խոսքերը:
Քլինթոնն այս ամենին ի պատասխան ասել է, որ Թրամփն այսպես է խոսում, քանի որ անմիջական օգնություն է ստանում Պուտինից:
«Դա ակնհայտ է, նա (Պուտինը-Tert.am) ուզում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում խամաճիկի պես օգտագործել քեզ»,-ասել է դեմոկրատների թեկնածուն:
Ամերիկյան CNN հեռուստաընկերության գնահատականի համաձայն՝ Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել նախագահական վերջին հեռուստաբանավեճում:
Նշվում է, որ CNN-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախկին պետքարտուղարին հաղթող է անվանել հարցման մասնակիցների 52 տոկոսը:
Հանրապետական Դոնալդ Թրամփին իր ձայնն է տվել հարցման մասնակիցների 39 տոկոսը:
Հայտնի է նաև, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփն ու դեմոկրատների թեկնածու Քլինթոնը խախտել են ավանդույթն ու բանավեճը սկսել առանց ձեռքսեղմման:










