Քլինթոնն ու Թրամփը վերջին հեռուստաբանավեճը սկսել են առանց ավանդական ձեռքսեղմման

09:18 • 20.10.16

Ամերիկյան Նևադա նահանգում կայացել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակիցներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև 3-րդ՝ վերջին հեռուստաբանավեճը, որը, ըստ ավանդույթի, պետք է մեկնարկեր մասնակիցների ձեռքսեղմմամբ:

 

Սակայն, ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփն ու դեմոկրատների թեկնածու Քլինթոնը խախտել են ավանդույթն ու բանավեճը սկսել առանց ձեռքսեղմման:

 

Աղբյուրը հավելում է, որ հեռուստաբանավեճին ներկա է եղել գործող նախագահ, բազմիցս իր աջակցությունը Քլինթոնին հայտնած Բարաք Օբամայի խորթ եղբայրը, որն ասել էր, որ Թրամփի կողմնակիցն է:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մալիք Օբաման The New York Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ «Թրամփը կկարողանա Ամերիկան կրկին հզոր դարձնել»:

 

Իր խոսքում Մալիք Օբաման քննադատել էր պետքարտուղար եղած ժամանակ Հիլարի Քլինթոնի վարած քաղաքականությունը՝ նրան մեղադրելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ու Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի սպանության համար:

 

Մինչդեռ Թրամփն իր հերթին ասել է, որ անհամբեր սպասում է Մալիք Օբամայի հետ հանդիպմանը:

 

«Նա ամեն ինչ շատ ավելի լավ է հասկանում, քան իր եղբայրը»,-ասել է հանրապետականը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարը ծավալվում է հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև: