«Նախարարի ու իմ որոշումը համընկել է». ՀՀ ԱՆ առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվել է աշխատանքից
Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հորդորով աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Երեկ նա գործակալությունում հրաժեշտ է տվել աշխատակիցներին:
Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Սարո Ծատուրյանը՝ ասելով, որ աշխատանքից հեռանալը իր ու նախարարի համատեղ որոշումն է: «Մեր որոշումները համընկել են, կարելի է ասել»:
Հարցին, թե ինչպես է գնահատում նախարարի որոշումն ասաց. «Շատ նորմալ, նախարարն իր թիմն է հավաքում»: Սարո Ծատուրյանը հաստատեց նաև այն տեղեկությունը, որ ՀՀ քննչական կոմիտեում կարճվել է իր դեմ հարուցված քրգործը:
Հիշեցենք, որ ամիսներ առաջ Քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու առթիվ, ինչն ի հայտ էր եկել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում։ Հունիսի 13-ին հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին, Երևանի կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին:










