Առատ ձյան հետևանքով փակվել է Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածը. Շիրակի հատվածում 30-ից ավելի մեքենա է արգելափակվել (տեսանյութ)

17:12 • 14.12.16

 

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը:

ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց:

Շիրակի մարզում Շիրակ գյուղի հատվածում ևս ճանապարհին 30-ից ավելի մեքենաներ են արգելափակվել: Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել և գրել, որ Շիրակ գյուղի հատվածում մոտ 30 մեքենա է արգելափակվել: Փրկարարները դեպի այդ հատված մոտեցնում են ձնամաքրման մեքենաներ:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին Երևան-Դիլիջան ավտոճանապարհը՝ մինչև Դիլիջանի թունելի սկիզբ, դարձել է դժվարանցանելի և դադարեցված է երթևեկությունը բեռնատար ավտոմեքենաների համար: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Սևանի, Ախուրյանի ավտոճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:

Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Արմավիրի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Վայքի, Ջերմուկի ճանապարհներին ձյուն է տեղում:

Ավելի ուշ  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ Գյումրի-Երևան ճանապարհն ամբողջովին փակ չէ, սակայն դժվարանցանելի է, տեսանելիություն չկա և բուքը շարունակվում է:

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն` այսօր ժամը 13:00-ից Նիոնծմինդա-Բավրա մաքսատան անցակետում սահմանափակված է Վրաստանից Հայաստան մեկնող փոխադրամիջոցների երթևեկությունը: Պատճառն այն է, որ մաքսակետից դեպի Հայաստան տանող ճանապարհը փակ է տեղացած առատ ձյան պատճառով: