Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է Թրամփի պետական այցի չեղյալ հայտարարման մասին խնդրագիրը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը չեղյալ հայտարարելու մասին 1,8 միլիոն բրիտանացիների կողմից ստորագրված խնդրագիրը, հայտնում է The Telegraph-ը:
«Կառավարությունը կարծում է, որ ԱՄՆ նախագահին պետք է թույլ տրվի պետական այց կատարել: Մենք անհամբերությամբ սպասում ենք նախագահ Թրամփին ողջունելու հնարավորությանը, երբ վերջնականապես կլուծվի այցի ամսաթվի և պատրաստությունների հարցը»,- ասված է խնդրագրին կառավարության պատասխանի մեջ:
Կառավարությունը հայտարարել է, որ «հաշվի է առնում բազմաթիվ ստորագրություններ ստացած խնդրագրի խիստ դիրքորոշումը, բայց խնդրագիրն ինքնին հավանության չի արժանացնում»:
Բրիտանական խորհրդարանը կքննարկի Թրամփի պետական այցը չեղյալ հայտարարելու մասին խնդրագիրն արդեն հաջորդ շաբաթ՝ փետրվարի 20-ին:
Բրիտանացիների վրդովմունքն է առաջացրել Թրամփի ստորագրած միգրացիոն քաղաքականության խստացման մասին հրամանագիրը։









