Նուրմագոմեդովի եղբայրը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պшտիժ է սպառնnւմ ռուսաստանցի մարտիկին

11:32 • 12.11.26

Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինները ձերբակալել են PFL-ի թեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովին։ Պատճառը նոյեմբերի 11-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա կատարված խմբակային հարձակումն է։

Միջադեպին արձագանքել և Նուրմագոմեդովի ձերբակալության մասին առաջինը հայտնել է վրացական ծագմամբ իսպանացի հայտնի մարտիկ Իլիա Թոփուրիան, որը սոցիալական ցանցերում խիստ քննադատության է ենթարկել ռուսաստանցի մարտիկին ու նրա թիմակիցներին։

«Դուք վախկոտների ոհմակ եք և ստիպված եք լինելու պատասխան տալ ձեր արածի համար։ Ըստ առկա տեղեկությունների՝ Ուսմանը ձերբակալվել է իր կողքին գտնվող վախկոտների հետ միասին։ Եվ այս մարդի՞կ են համարձակվում խոսել խոնարհության ու հարգանքի մասին։ Ինչպիսի՜ խայտառակություն։ Պատիվը, հարգանքն ու խոնարհությունը պարզապես բառեր չեն, որոնք պետք է քարոզել. դրանք արժեքներ են, որոնցով պետք է ապրել, իսկ դուք դրանցից ոչ մեկը չդրսևորեցիք»,- գրել է Թոփուրիան։

Զուգահեռաբար հայտնի են դարձել նաև հնարավոր իրավական հետևանքները։ Ըստ Home of Fight պարբերականի՝ ԱՄԷ-ի Հանցագործությունների և պատիժների մասին դաշնային օրենքի 390-րդ հոդվածի համաձայն՝ Դվալիշվիլիի վրա հարձակվելու համար Նուրմագոմեդովին կարող է սպառնալ մինչև 1 տարվա ազատազրկում կամ շուրջ 2700 դոլար տուգանք: Հատկանշական է, որ այս հոդվածի կիրառման համար Դվալիշվիլիի կողմից պաշտոնական բողոք չի պահանջվում. որպես հիմք կարող են ծառայել բացառապես տեսաապացույցները։

Ներկայումս ոստիկանությունը հարցաքննում է Ուսմանին և միջադեպի մյուս մասնակիցներին։ Բացի այդ, ըստ նույն օրենքի 392-րդ հոդվածի, 3 և ավելի անձանց կողմից հարձակում գործելը համարվում է ծանրացնող հանգամանք։

Հիշեցնենք, որ հյուրանոցի սրահում Ուսման Նուրմագոմեդովի ապտակից սկսված ծեծկռտուքի արդյունքում Մերաբ Դվալիշվիլին ստացել էր արյունահոսող վերքեր և հեմատոմաներ։

Աղբյուրը`ArmSport.am