ՌԴ կենտրոնական դաշնային շրջանում երկու տարվա ընթացքում 6 ահաբեկչություն է կանխվել

14:45 • 14.02.17

Ռուսաստանի կենտրոնական դաշնային շրջանում երկու տարվա ընթացքում 6 ահաբեկչություն է կանխվել, ձերբակալվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 62 մասնակից: Այդ մասին հայտնում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«2015-2016 թվականներին շրջանում կանխվել է ահաբեկչական ուղղվածության վեց հանցագործություն: Կանխվել է հանցախմբի 21 մասնակցի հանցավոր գործունեություն: Բացի այդ, ձերբակալվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 62 մասնակից, ոչնչացվել 12 կրոնական-ծայրահեղական խումբ: Քրեական պատասխանատվության է ներգրավվել նրանց 269 անդամ և աջակից»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:


Այդ տվյալները հրապարակվել են այսօր՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի նախագահությամբ անցկացված Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի նիստի ժամանակ: