Թրամփի նախընտրական շտաբի անդամները կապեր են ունեցել Ռուսաստանի հետախուզության հետ. NYT

10:31 • 15.02.17

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամները և նրան մոտ այլ անձինք «պարբերական կապեր են ունեցել ռուսական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների հետ»: Այդ մասին հայտնել են չորս ներկա և նախկին ամերիկացի պաշտոնյաներ, հայտնում է The New York Times-ը:


Նրանք հայտարարել են, որ այդ մասին են վկայում հեռախոսազրույցների ձայնագրությունները և որսած զանգերը:


Երեք պաշտոնյաների խոսքերով, որոնց անունները չեն նշվում, ամերիկյան իրավապահ մարմինները և հատուկ ծառայությունները որսացել են այդ կապերը նույն այն ժամանակ, երբ նրանց մոտ «հայտնվել են ապացույցներ, որ Ռուսաստանը փորձում է տապալել նախագահական ընտրությունները»՝ կոտրելով Դեմոկրատական կուսակցության կառավարող մարմնի տվյալները: Այդ ժամանակ հատուկ ծառայությունները փորձել են պարզել, թե արդյոք Թրամփի շտաբը «ռուսների հետ համաձայնության մեջ է եղել հաքերային միջամտության կամ ընտրությունների վրա ազդելու այլ փորձերի հարցում»:


Պաշտոնյաները հայտարարել են, որ ռուսական կողմից այդ կապերին նաև մասնակցել են կառավարության անդամներ:


Թերթը նաև գրում է, որ վերջին շաբաթների ընթացքում հարցերին պատասխանած պաշտոնյաները նշել են, որ նրանք չեն տեսել նման համագործակցության ապացույցներ: Բայց հատուկ ծառայությունների տրամադրության տակ հայտնված կապերն անհանգստացրել են ամերիկյան հետախուզությանը և իրավապահ մարմիններին մասամբ կապերի քանակի պատճառով, որոնք տեղի էին ունենում այն ժամանակ, երբ Թրամփը հիացական էր խոսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ֆլինին մեղադրում են ռուս պաշտոնյաների հետ կապի մեջ լինելու համար: