ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանին դիմակայելու համար աշխատանքային խումբ կստեղծեն

09:05 • 16.02.17

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մտադիր են ստեղծել տարբեր բնագավառներում համագործակցության աշխատանքային խմբեր, որոնց հիմնական նպատակներից է լինելու Իրանին զսպելը:

Ինչպես հայտնում է tass.ru-ն, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, ըստ որի՝ 2 ղեկավարներն իրենց թիմերին կարգադրել են գալիք մի քանի ամսվա ընթացքում ձևավորել աշխատանքային խմբեր մի շարք բնագավառներում (կիբերոլորտ, հետախուզություն, անվտանգություն, առևտուր, տեխնոլոգիաներ) երկկողմ համագորածկցությունը զգալի բարելավելու, ինչպես նաև Իրանից և այլ սուբյեկտներից եկող սպառնալիքներին համատեղ ջանքերով դիմակայելու նպատակով:


Մինչդեռ The Wall Street Journal-ը հավելում է, որ պաշտոնական Վաշինգտոնն ու արաբական դաշնակից պետությունները քննարկում են ՆԱՏՕ-ի օրինակով Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինք ստեղծելու հավանականությունը:

Նշենք, որ վերջերս Թրամփն իր հարցազրույցներից մեկում Իրանին անվանել էր «թիվ 1 ահաբեկչական պետություն» և այդ երկրի ղեկավար Հասան Ռոհանիին խորհուրդ տվել զգուշանալ: