Թուրքիայում դատի են տվել Էրդողանին` ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու համար

09:58 • 22.02.17

Թուրքիայի աշխատանքի կուսակցությունը (EMEP) դատի է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիին` մեղադրելով նրանց իրենց ելույթներում ժողովրդի շրջանում քեն ու ատելություն սերմանելու համար:

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը`Անկարայի արդարադատության պալատ ներկայացրած բողոքում կուսակցության ներկայացուցիչները նաև նշել են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանը, Յըլդըրըմն ու Բահչելին փորձում են վախի մթնոլորտ տարածել ժողովրդի շրջանում, ինչպես նաև նրանց խուճապի մատնել: 

EMEP-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկրի նախագահը, վարչապետն ու ազգայնականների առաջնորդը սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկել պատրաստվող մարդկանց նույնականացնում են ահաբեկիչների, քուրդ զինյալների և հեղաշրջման փորձի համար մեղադրվողների հետ:



Image result for Bahceli

Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:

Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։