Ավստրիան նույնպես չի ցանկանում, որ Էրդողանը տեղի թուրքերի համար նախընտրական քարոզչություն իրականացնի

17:12 • 27.02.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացասական պատասխան է ստացել Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունից՝ տեղի թուրք քաղաքացիների հետ Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ քարոզչական հանրահավաք անցկացնելու առնչությամբ:

Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը՝ Ավստրիայի ԱԳՆ-ն նշել է, որ Էրդողանի ելույթները բացասական ազդեցություն են թողնում այդ երկրում բնակվող թուրքերի ինտեգրացիոն գործընթացի վրա:

Նշենք, որ Գերմանիան նույնպես մերժել է Էրդողանի նախընտրական քարոզչության վերաբերյալ Թուրքիայի դիմումը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:

Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։