Թրամփի վարչակազմն ընդամենը 20 մլն դոլար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար

09:32 • 02.03.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ֆինանսական խնդիրների է բախվել Մեքսիկայի հետ սահմանին աղմկահարույց պատի կառուցումը սկսելու հարցում:


Ինչպես հայտնում է Reuters-ը, վարչակազմին առայժմ հաջողվել է ընդամենը 20 մլն դոլար հատկացնել, ինչը կբավականացնի միայն նախապատրաստական աշխատանքներին:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատի կառուցումը սկսվելու է հնարավորինս արագ ու ֆինանսավորվելու է հենց Մեքսիկայի իշխանությունների կողմից:


Ըստ նախնական հաշվարկների՝ պատի կառուցման համար անհրաժեշտ է 21.6 մլրդ դոլար: Այս տվյալի հրապարակումից հետո Թրամփը մանրամասնել էր, որ պաշտոնապես կդիմի Կոնգրեսին ու կփորձի համոզել շինարարությունը սկսելու ու ավարտին հասցնելու համար բավականաչափ գումար հատկացնելու հարցում:


Մինչդեռ Մեքսիկայի մասով 70-ամյա ղեկավարն ասել էր, որ ավելի ուշ այդ երկրից հետ կստանա պատի համար ծախսած գումարը: