Նիդեռլանդներում նույնպես չեղարկվել են թուրք պաշտոնյաների ելույթները

09:42 • 04.03.17

Գերմանիայից հետո այժմ էլ Թուրքիային տհաճ անակնկալ է մատուցել Նիդեռլանդները. Ռոտերդամում տեղի իշխանությունների կողմից չի թույլատրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ տեղի թուրք համայնքի հետ սպասվելիք հանդիպում-հանրահավաքը:

Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը՝ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ նախընտրական քարոզչության շրջանակում թուրք պաշտոնյայի ելույթը թուրքական համայնքի հետ նախատեսվում էր անցկացնել ապրիլի 11-ին: 

Հիշեցնենք, որ Գերմանիայում չեղարկվել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանդիպումն ու ելույթը, ինչը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասին դուր չի եկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի այցն իր երկիր: Թուրքիայի իշխանությունները քննադատել էին Գերմանիային Բոզդաղի՝ տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման ու ելույթի չեղարկման համար:

Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։