Ես էլ գամ Թաքսիմի մեջտեղը ելույթ ունենամ. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ արտահայտված պատգամավորը՝ Թուրքիայի իշխանություններին
Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը խոսել է թուրք-գերմանական հարաբերություններում վերջին լարվածության մասին:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը`Օզդեմիրը նշել է, որ եթե թուրք պաշտոնյաները ցանկանում են նախընտրական քարոզչություն իրականացնել Գերմանիայի թուրքական համայնքի շրջանում և դրա մերժումը որակում են նացիստական պահվածք, ապա իրենք էլ նույնկերպ կարող են պահանջել հանրահավաք անցկացնել Ստամբուլի կենտրոնում:
«Եթե այդպես է, ես էլ գամ Թաքսիմի մեջտեղում հանրահավաք անեմ: Եթե Անկարան կապահովվի իմ անվտանգությունը` ես պատրաստ եմ: Շատ հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի պատասխանը», - ասել է Օզդեմիրը՝ շեշտելով, որ Թուրքիան պետք է հաշվի նստի Գերմանիայի իշխանությունների որոշումների հետ:
Օզդեմիրը նաև ընդգծել է, որ եթե Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծն ընդունվի, ապա երկիրը նման սահմանադրությամբ կվերածվի սուլթանության, Օզդեմիրը շեշտել է, որ Եվրոպան չպետք է լքի Թուրքիայի դեմոկրատներին:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ շաբաթ Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթն ու հանդիպումը թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի և նախագահ Էրդողանի կողմից:










