Գուգարաց թեմի առաջնորդը ստամբուլահայությանն առաջարկել է Արամ Աթեշյանի դեմ «բանաձևը»

12:12 • 09.03.17

Լուսանկարում՝ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

 

Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությանն ընդառաջ գրավոր կոչ է հղել Ստամբուլի հայությանը, որը հայտնվել է «Ակօս»-ի էջերում:

Չուլջյանը, կարևորելով տեղապահի ընտրությունները, կոչ է արել պոլսահայությանն այդ պաշտոնում ընտրվելու համար աջակցել Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Գարեգին Բեկչյանին, որն ըստ նրա՝ արդեն արժանացել է համայնքի բարձր գնահատանքին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրության ընթացքում պարզ կդառնա Պոլսո պատրիարքի նոր տեղապահի անունը, որն էլ իր հերթին կպարտավորվի հետամուտ լինել պատրիարքի ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը:

Ըստ «Ակօսի»` պատրիարքի տեղապահի պաշտոնին հավակնում են Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Պոլսո պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Գարեգին Բեկչյանը:

Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Փետրվարի 23-24-ին Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում որոշվել է մարտի 15-ին դադարեցնել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի լիազորություններն ու ընտրել պատրիարքի տեղապահ և վերջինիս գլխավորությամբ հետամուտ լինել պատրիարքի ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը:

«Ակօսի» էջերում տեղ գտած «Աթեշյանի դեմ Բեկչյան բանաձևը» վերնագրված հոդվածում Չուլջյանը հույս է հայտնել, որ պատրիարքի ընտրություններից հետո համայնքում կվերականգնվի ներքին փոխվստահությունն ու խաղաղությունը:

«Ստամբուլ և Թուրքիայի այլ շրջաններ իրականացրածս բոլոր այցերի ընթացքում մեծ երջանկություն եմ զգացել մեր հավատացյալ մարդկանց հետ հանդիպումներից: Ինտենսիվ գործունեությանս հետ կապված՝ հաճախ եմ այցելում Թուրքիա: Պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո էլ Պոլսո պատրիարքարանի կողմից պատրիարքի բոլոր թեկնածուներին պաշտոնական նամակներ կհղվեն, և ես էլ որպես այդ թեկնածուներից մեկը հանդիպումներ կունենամ մեր ժողովրդի հետ», - ասել է Չուլջյանը: