Նյու Յորքում առևանգել են ԱՄՆ գաղտնի ծառայության նոթբուքը` Թրամփի աշտարակի մասին գաղտնի տեղեկություններով

23:50 • 17.03.17

Անհայտ անձինք Նյու Յորքում գողացել են ԱՄՆ գաղտնի ծառայությանը պատկանող նոթբուքը, որում պահվում էր երկրի առաջին դեմքերի, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփի մասին տվյալները: Այս մասին տեղեկացել է ABC News ամերիկյան հեռուստաընկերությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` նոթբուքում պահվում էր Մանհեթենում Trump Tower երկնաքերի մանրամասն նախագիծը, որտեղ գտնվում է Թրամփի բիզնես-կայսրության կենտրոնական գրասենյակը և որտեղ բնակվում են նրա ընտանիքի անդամները:

Նշվում է, որ համակարգչում այլ գաղտնի տվյալներ էլ են եղել, այդ թվում` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման շուրջ իրականացված հետաքննության բացահայտած տվյալները:

Հեռուստաալիքի հաղորդմամբ` նոթբուքը դրված է եղել Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկի մեքենայում, որտեղից այն հինգշաբթի գողացել են:  

Ներկայում իշխանությունները զբաղված են նոթբուքի որոնումներով: Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել: