ՅՈՒՆԵՍԿՕ-ն կդառնա հակահայկական հարթակ, եթե հայկական հուշարձանները ոչնչացրած Բյուլբյուլօղլին նշանակվի ղեկավար. Արման Նավասարդյան

22:53 • 18.03.17

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ)-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ադրբեջանն առաջարկել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին թեկնածությունը: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասաց, որ այս կառույցը կդադարի Հայաստանի օգտին աշխատել, եթե Բյուլբյուլօղլին ընտրվի այդ պաշտոնում:

Արման Նավասարդյանը նշեց, որ Փոլադ Բյուլբյուլօղլու ընտրության պարագայում կարգելափակվեն բոլոր այն ճանապարհները, որոնցով մշակութային, կրթական ծրագրերը գալիս են Հայաստան:

Հարցին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավարը Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան, ով հայտնի է իր ադրբեջանամետ մոտեցումներով, կարո՞ղ է օգնել Բյուլբյուլօղլուն նշանակվել այդ պաշտոնում, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Այս կառույցը կոռումպացված է: Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Քաթարը մեծ ներդրումներ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ում անդամավճարների առումով և սա մեծ նշանակություն կունենա Բյուլբյուլօղլու համար: ԱՄՆ-ն կրճատել է իր ներդրումները այս կազմակերպության համար, այնպես որ ֆինանսները մեծ նշանակություն կունենան կառույցի համար: 9 թեկնածուներից, որոնք առաջադրվել են, Բյուլբյուլօղլին առաջին պլան է մղվել»:  

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ստանա այդ պաշտոնը, որովհետև այն քաղաքական հարցեր կլուծի նրանց համար:

«Բյուլբյուլօղլին հայտնի է որպես արմենաֆոբ, նրա՝ Մշակույթի նախարար եղած տարիներին մեծ քանակությամբ հայկական հուշարձաններ են ոչնչացվել, իսկ դեսպանի պաշտոնի 10 տարիների ընթացքում իրեն ցուցաբերել է ոչ միայն որպես բարոյական, այլև դիվանագիտական ուռոդ՝ խախտելով դիվանագիտության բոլոր գրված ու չգրված օրենքները: Փոխանակ նա հանդես գա որպես խաղաղության ջատագով, երկու ժողովուրդների միջև համերաշխություն սերմանող, ինչին կոչված է դիվանագիտական ծառայությունը, նա հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, թե պետք է գրավել Ղարաբաղը, Հայաստանը, ստերով, թե իր հայրը թաղված է Լեռնային Ղարաբաղում ու իր 14-ամյա որդին չի կարող այցելել պապու գերեզմանին, այնինչ նա թաղված է «Շահիդների» ծառուղում»,– ասաց Արման Նավասարդյանը:

Դիտարկմանը, թե ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը ևս հայտնել է իր աջակցությունը, ապա Նավասարդյանն ասաց, որ դա ցավալի է: Ըստ նրա՝ Ռուսաստանում շատերը չեն էլ հետևում իրադարձություններին և խաբվում են Բյուլբյուլօղլու խորամանկությանը, ով իր մասին միֆեր է տարածել, թե երգիչ է, պոետ է, նրան սիրում են, վերաբերում են որպես «рубаха-парень»:

Արման Նավասարդյանը նշեց, որ հարցին քաղաքական հնչեղություն հաղորդելու համար, ինքը, Լարիսա Ալավերդյանը, Արամ Սարգսյանը, Կարինե Դանեիլյանը, նախաձեռնում են սկսել համազգային շարժում՝ դրա դեմն առնելու համար: «Այս կառույցը վերջնականապես կդառնա հակահայկական հարթակ, եթե Բյուլբյուլօղլին ընտրվի: Մենք պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը»,- ասաց Ա. Նավասարդյանը: