Ինչ իրավունքով են Թուրքիայի իշխանությունները միջամտում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությանը. Փայլանը հարցում է հղել երկրի ՆԳՆ

16:38 • 20.03.17

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության շուրջ առաջացած խնդիրը բարձրաձայնել է խորհրդարանի ամբիոնից։ Նա նաև գրավոր հարցում է հղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, թե ինչ իրավունքով է պետությունը և, մասնավորապես, Ստամբուլի նահանգապետարանը փորձում միջամտել հայ համայնքի ներքին ընտրություններին:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում կայացած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Ինչպես փոխանցում է «Ակօսը»` Փայլանը, մասնավորապես, երեք հարցում է հղել ՆԳՆ: Հայազգի պատգամավորը պահանջել է հիմնավորել, թե որ օրենքի վրա հիմնվելով է Ստամբուլի նահանգապետարանը միջամտել պատրիարքարանի կողմից անցկացվող ընտրությանը և ով է «Շտապ» մակագրությամբ նամակը հանձնարարել հասցնել պատրիարքի տեղապահի ընտրության վայր: Փայլանը նաև խնդրել է պատասխանել, թե որն են հայ համայնքի հոգևոր առաջնորդի տեղապահի ընտրությանը միջամտելու իրական դրդապատճառն ու հիմքերը:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: