Վենեսուելայում տասնյակ մարդիկ են վիրավորվել հակակառավարական ցույցերի ժամանակ

10:01 • 05.04.17

Վենեսուելայում երեքշաբթի ավելի քան 50 մարդ է վիրավորվել իշխանությունների կողմից բողոքի ցույցերը ցրելու ընթացքում: Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ասամբլեայի նախագահ Խուլիո Բորխեսը, գրում է ТАСС-ը:


Քաղաքական գործչի խոսքերով՝ վիրավորների թվում կա մի քանի պատգամավոր և Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը, որոնց դեմ պղպեղի հեղուկացիր է օգտագործվել: Առնվազն 12 մարդ ձերբակալվել է:


Հաղորդվում է, որ ազգային գվարդիան ցուցարարներին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ, ինչպես նաև ջրցան մեքենաներ:


Աղբյուրը մանրամասնում է, որ հակակառավարական ցույցերի պատճառ է դարձել երկրում քաղաքական ճգնաժամի հերթական սրացումը:


Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է:


Անցած ամսվա վերջին Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել է, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները Ազգային ասամբլեայի փոխարեն:


«Քանի դեռ շարունակվելու է անհարգալից վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ և Ազգային ասամբլեայի կողմից անվավեր որոշումների կայացումը, դատական մարմինը երաշխավորում է, որ անմիջականորեն կկատարի խորհրդարանական պարտականությունները` իրավարար պետության պահպանման համար»,- ասված էր Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ:


Ավելի ուշ Գերագույն դատարանը, հետևելով Վենեսուելայի անվտանգության խորհրդի կոչին, չեղարկել է խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը: