Հայաստանում կառուցվող եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարի բացումը նախատեսված է 2018թ-ին. Ռուստամ Բաքոյան

19:59 • 10.04.17

Հայաստանում կառուցվող եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարի բացումը նախատեսված է 2018թ-ի Սեպտեմբերին: Այս մասին Тert.am-ի հետ զրուցում ասաց «Շամս» մարդասիրական ՀԿ  նախագահ Ռուստամ Բաքոյանը՝ հավելով, որ տաճարը կառուցվում է  Ակնալիճում  գործող եզդիական  տաճարի կողքին:

«Այս տաճարը եզդիական համայքին  ավելի է  մոտեցնելու  իր  արմատներին, մշակույթին , կրոնին, պատահական չէ, որ աշխարհում ամենամեծ եզդիական  տաճարը  Հայաստանում է  կառուցվում, այստեղ եզդիական համայնքը արմատական է, հնարավորություն  ունի  պահպանել իր ավանդույթները, ունեն ազգային  բարձր  ինքնագիտակցում, խոշոր  սրբատեղի  է լինելու »,-շեշտեց Ռուստամ  Բաքոյանը:

Տաճարն ունենալու  25  մետր  բարձրություն, յոթ գմբեթ՝ գրանիտից ու մարմարից, ունենալու է մեծ աղոթասրահ կրոնական դպրոց և թանգարան: Տաճարի կառուցումը ֆինանսավորում է Մոսկվայում բնակվող ազգությամբ եզդի գործարար Միրզա Սլոյանը, ով ծնվել է Հայաստանում:

Ռուստամ  Բաքոյանը ընդգծեց, որ եզդիների գլխավոր սրբավայրը՝ «Լալեշը» գտնվում Հյուսիսային Իրաքում: Նրա խոսքով՝ Եզդիների պատմական հայրենիքից դուրս առաջին զիարատը՝ սրբավայրը  կառուցվել է Հայաստանում Ակնալիճ գյուղում 2012-ին, որը օծել է եզդիների հոգևոր առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը:

Ռուստամ  Բաքոյանի խոսքով՝ ինչպես 2012 –ին օծված, այնպես էլ  նոր տաճարը  նպաստում են էթնոկրոնական ինքնության  արտահայտմանը:

«Մինչ 2012 Ակնալիճում  եզդիական  զիարատի՝ սրբավայրի կառուցումը, շատ եզդիներ  իրենց  միջոցառումները, հարսանեկան արարողությունը  իրականացնում էին քրիստոնեական կարգով, ինչն անթույլատրելի էր»,-շեշտեց նա: Ըստ նրա՝ խոշոր  սրբավայրի կառուցումը նաև  պատճառ կհանդիսանա, որպեսզի  եզդիների  հոսք լինի եզդիական  Ակնալիճ գյուղ: