Տարոն Մարգարյանը երևանցիների մեծ մասին անուններով է ճանաչում, գիտի՝ ով որ փողոցում է ապրում. Նաիրա Նահապետյան

20:20 • 12.04.17

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ներկայացրած ընտրացուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիներ են, մշակութային հայտնի գործիչներ, մարդիկ, ում երևանցիները ճանաչում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են ընտրացուցակում ընդգրկված մարդիկ, ովքեր ներկայիս ավագանու անդամներ են, Նաիրա Նահապետյանը պատասխանեց. «Այո, ընտրացուցակը լիովին չի փոխվել, ընդգրկվել են մարդիկ, ովքեր աշխատել են Երևանի ավագանիում: Ավագանիները պետք է լինեն համայնքում սիրված, ճանաչված մարդիկ և սրանով է տարբերվում ավագանու ընտրությունը խորհրդարանական ընտրություններից»:

Նաիրա Նահապետյանը նշեց, որ իրենց ընտրացուցակը մրցունակ է: Խոսելով ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ»-ի և «Երկիր ծիրանի»-ի մասին՝ Նահապետյանն ասաց, թե ողջունում է երիտասարդների մուտքը Երևանի շենացման գործին, բայց «Երևանին հարկավոր են մարդիկ, որոնց երևանցիները ճանաչում են, ովքեր Երևանի կորիզն են»:

Ավագանու ՀՀԿ անդամն ասաց, որ ընտրություններին մասնակցող 2 ուժերի ընտրացուցակներում էլ կան բավական լավ երիտասարդներ, կրթված, բայց ՀՀԿ ցուցակում մարդիկ են ներառված, ովքեր մեծ գործեր են արել ոչ միայն Երևանի, այլև՝ Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Երևանի ավագանին ոչինչ էլ չի անում, Նաիրա Նահապետյանը հակադարձեց, թե Երևանի 160 մանկապարտեզներն անվճար են դարձրել երևանցիների համար, Երևանի տեսքն են կարգի բերել, դարձրել քաղաքացիների համար ավելի հարմարավետ, բոլոր համայնքների բակերում տեղադրվել են խաղահրապարակներ, կառուցվել են նոր ճանապարհներ, որոնք բեռնաթափել են կենտրոնը, ավելացել են կանաչապատ տարածքները և այլն:

Դիտարկմանը, թե երևանցիները դժգոհում են, որ արտաքին տեսքի փոփոխությունները նկատվում են միայն կանաչապատ մեծ թիթեռնիկների կամ այլ զարդարանքի պարագաների միջոցով, Նաիրա Նահապետյանն այսպես արձագանքեց. «Երևանի զարդարանքով զբաղված են խոշոր կազմակերպություններ, որոնք իրականացնում են այլ քաղաքների զարդարանքը ևս: Ես համաձայն չեմ նրա հետ, որ Երևանում միան թիթեռնիկներ են դնում, այդպես չէ, հակառակ դեպքում մենք չէինք ներառվի աշխարհի լավագույն, հարմարավետ 10 քաղաքների շարքում: Մեկը թիթեռնիկ է հավանում, մյուսը՝ ծաղիկներ, ամեն մեկն իր ճաշակն ունի, սա մոտեցման հարց է: Մեկը հավանում է, մյուսը՝ ոչ, սա ճաշակի հարց է»:

Անդրադառնալով առաջարկին, թե քաղաքապետը պետք է շատ քայլի Երևանով, շատ շփվի երևանցիների հետ, որպեսզի անձամբ տեղեկանա խնդիրներին, Նաիրա Նահապետյանն ասաց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամեն օր քաղաքացիների հետ շփվում է: «Տարոն Մարգարյանը հիմա էլ շատ է զբոսնում քաղաքով, չկա քաղաքում մի վայր, որ Տարոն Մարգարյանը քայլի ու իրեն չճանաչեն: Նա միշտ ժողովրդի հետ է: Ես անձամբ եմ տեսել, թե ինչպես է նա շփվում մարդկանց հետ: Տարոն Մարգարյանը երևանցիների մեծ մասին անուններով է ճանաչում, գիտի՝ ով որ փողոցում է ապրում»,- ասաց Ն. Նահապետյանը: