Լոնդոնի մետրոյում դիսկոտեկ է կազմակերպվել (տեսանյութ)

20:40 • 12.04.17

YouTube-ի  Trollstation ալիքի տերերը դիսկոտեկ են կազմակերպել Լոնդոնի մետրոյի վագոնում, և երեկույթի տեսագրությունն անմիջապես տարածվել է համացանցում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը (BTP) դադարեցրել է դիսկոտեկը, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները չեն ձերբակալել կազմակերպիչներին:

Կայքը գրում է, որ պարերը սկսվել են Bakerloo գծի գնացքում. նախաձեռնողները հրավիրել են երաժիշտների և դիջեյների, վագոնը հագեցրել ստերեո համակարգով, դիսկո գնդակներով և լուսավորությամբ: Վագոն մտնող ուղևորներից շատերը միացել են պարերին, մյուսներն ուղղակի դիտել են տեղի ունեցածը:

Նշվում է, որ արտառոց երեկույթի մասնակիցներն անցել են ութ կայարան` Embankment-ից մինչև Paddington, ինչից հետո ոստիկանները մտել են վագոն և խնդրել դադարեցնել դիսկոտեկը:

«Մեր աշխատակիցները շատ են գնահատում դրամ-ն-բեյս լսելու հնարավորությունը, սակայն մենք դիջեյներին շատ ենք խնդրում մետրոն չվերածել ակումբի: Չնայած այժմ Զատիկի տոներն են, ամեն ինչի համար ժամանակ և տեղ կա», - իրավիճակը մեկնաբանել են ոստիկանության աշխատակիցները:

Նրանք նաև նշել են, որ կազմակերպիչներն «ընկերասիրաբար և հնազանդորեն» կատարել են իրավապահ մարմինների պահանջը:

«Հիասքանչ մթնոլորտ է եղել: Ոստիկանությունն ամեն ինչ դադարեցրել, բայց լավ է պահել իրեն», - իր հերթին պատմել է երեկույթի կազմակերպիչներից մեկը: