Մենք աշխատում ենք «ոչ»-ի ուղղությամբ և պատրաստվում ենք հաղթել․Սելինա Դողանը՝ Թուրքիայում սպասվող սահմանադրական հանրաքվեի մասին

21:55 • 12.04.17

Իշխող կուսակցությունը՝ «Արդարություն և զարգացումը», սահմանադրական հանրաքվեի քարոզարշավում օգտագործում է Թուրքիայի ամբողջ մեդիա դաշտը, իսկ մենք չենք կարողանում, հավասար պայմաններում չենք աշխատում: Tert.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց հարևան Թուրքիայում օրեր հետո` ապրիլի 16-ին սպասվող սահմանադրական հանրաքվեին ուղղված երկրի քաղաքական ուժերի գործողությունները Մեջլիսի «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայազգի պատգամավոր  Սելինա Դողանը:

«Բացի այդ, փոխանակ նրանք բացատրեն սահմանադրական բարեփոխումների բովանդակությունը, նրանք ներկայացնում են, թե ինչու չի կարելի քվեարկել «ոչ», ասում են, օրինակ՝ Ֆեթուլլահ Գյուլենն ասում է՝ «ոչ», դուք չպետք է ասեք՝ «ոչ»:  Իսկ մենք գնում ենք տներ, խանութներ, բացատրում ենք սահմանադրական բարեփոխումների բովանդակությունը»,- պատմեց Սելինա Դողանը:

Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, որը երկիրը կառավարում է երկար տարիներ,  մարդկանց մեջ առաջացրել է մտահոգություններ իրենց ձայների անվտանգության հարցում: «Նրանք փորձում են այնպես անել, որ մարդիկ չգնան և չմասնակցեն ընտրություններին:  Մարդիկ մտահոգություններ ունեն ընտրությունների հետ կապված, քանի որ տարածվում է  տեղեկատվություն, որ նրանց ձայնը կկեղծվի, կրկնակի քվեարկություններ կլինեն: Մարդիկ, որոնք ցանկանում են «ոչ» քվեարկել», ասում են, ինչո՞ւ գնալ ընտրության, եթե արդյունքները, միևնույն է, փոխվելու են»,- ասաց նա՝ հավելելով, որ դա շատ վտանգավոր է Թուրքիայի համար:

Սելինա Դողանի համոզմամբ՝ եթե մարդիկ մտահոգված են իրենց ձայների անվտանգությամբ, նրանք կխուսափեն սահմանադրական հանրաքվեի ընտրություններին մասնակցելուց:

Նրա խոսքով՝ իրենք եղել են հասարակության մեջ՝ նրանց բնակարաններում, խանութներում, փակ քննարկումներ են անցկացրել և հասկացել են՝ մարդիկ վախենում են ասել ճշմարտությունը: «Իշխանություններն այնպես են արել, որ հասարակությունը մեծ կախվածություն ունենա իրենցից»,- ասաց նա՝ նշելով, որ Թուրքիայի իշխանությունները փորձում են օգտագործել իրենց ձեռքի տակ ունեցած ամեն ինչը՝ վարչական ռեսուրսները, փողը մարդկանց իրենցից կախման մեջ դնելու համար:

«Մարդիկ բարձրաձայն չեն խոստովանի՝ իրենք քվեարկելու են՝ այո, թե ոչ: Մեկ այլ խնդիր է այն, որ այնքան շատ մարդիկ չգիտեն, թե ինչու են գնում քվեարկության, չգիտեն, թե ինչ են նշանակում այդ տասնութ հոդվածները, որովհետև իշխանությունները նրանց դա չեն բացատրել: Մարդիկ այս քարոզարշավը նույնացնում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ այդ ուղղությամբ աշխատանք տարվել է, ամբողջ քարոզարշավն ուղեկցվում էր Էրդողանի լուսանկարներով: Մարդիկ, որոնք Էրդողանի հետևորդներն են, անգամ չեն էլ հարցնում, թե ինչ բովանդակություն կա նոր սահմանադրության մեջ, ինչպես է նոր սահմանադրությունը փոխելու նրանց կյանքը: Նրանք ասում են՝ եթե Էրդողանն է դա առաջարկում, նշանակում է՝ լավ է, մենք պատրաստվում ենք՝ քվեարկել «այո»-ի օգտին»:

Սելինա Դողանի խոսքով՝ Եվրամիության կամ եվրոպական այլ կառույցների կողմից աջակցություն չկա ընդդիմությանը՝ պայքարելու Էրդողանի նախաձեռնած հանրաքվեի դեմ: «Կլինեն ինչ-որ հարցումներ նրանց կողմից»,- նշեց նա:

Թուրքիայի հայազգի պատգամավորի խոսքով՝ իրենք, այնուամենայնիվ, աշխատել են ստեղծել համագործակցության եզրեր այլ ուժերի հետ: Պատմեց, որ իրենք իրենց քարոզարշավի շրջանակներում օգտագործող ավտոբուսների վրա անգամ իրենց կուսակցության տարբերանշանը չեն օգտագործել: «Մենք օգտագործել են միայն մի փոքր աղջկա նկար, որը ասում էր՝ «ոչ, ոչ՝ իմ ապագայի համար»: Մենք համագործակցել ենք ցանկացածի հետ, ով քվեարկելու է՝ «ոչ»-ի օգտին, կարևոր չէր, թե ինչ քաղաքական գաղափարների էին նրանք հետևում»,- ասաց նա՝ հավելելով, որ նրանց հետ համագործակցողներ այս ընթացքում եղել են:

Սահմանադրական հանրաքվեին մնացել են հաշված օրեր, Սելինա Դողանը հույս հայտնեց, որ «ոչը» կանցնի: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և պատրաստվում ենք հաղթել»,- ասաց նա: