Բելառուսն ամբողջությամբ մարել է պարտքը «Գազպրոմ»-ի առաջ
Բելառուսն ամբողջությամբ մարել է 2016-2017 թվականներին ռուսական գազի մատակարարումների դիմաց 726,2 միլիոն դոլար ծավալով «Գազպրոմ»-ի առաջ ունեցած պարտքը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
«Բելառուսական կողմն ամբողջությամբ մարել է «Գազպրոմ»-ի առաջ 2016-2017 թվականներին ռուսական գազի մատակարարումների համար ընդհանուր 726,2 միլիոն դոլարի արժեքով ժամկետանց դեբիտորական պարտքը»,- ասված է հաղորդագրությունում:
Ինչպես ապրիլի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են այն մասին, թե ինչպես է կարգավորվելու նավթագազային վեճը: Կողմերը փոխադարձ զիջումների հնարավորություն են գտել և պայմանավորվել են, թե ինչպես է ընթանալու այդ ոլորտում աշխատանքը ոչ միայն 2017 թվականին, այլև 2018-2019 թվականներին:
Մինչ այդ չկարգավորված էր մնում վեճը, որը տևում էր 2016 թվականի սկզբից ի վեր, երբ Մինսկը հայտարարել է ռուսական գազի գնի անարդարության մասին և միակողմանի կարգով սկսել ավելի քիչ վճարել դրա համար:










