ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 3 միլիոն եվրո վճարել Բեսլանի ահաբեկչության զոհերի հարազատներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է մոտ 3 միլիոն եվրո վճարել 2004 թվականին Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և տուժածներին, հայտնում է meduza.io-ն:
Հայցը ներկայացրել է ավելի քան 400 մարդ, որոնք կստանան 2,955 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում: Եվս 88 հազար եվրո կվճարվի որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Դատարանը վճռել է, որ ռուսական իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ահաբեկչության բոլոր հանգամանքները և պատանդների մահվան պատճառները հետաքննելու համար:
ՄԻԵԴ-ը, միևնույն ժամանակ, վճիռ չի կայացրել առ այն, թե արդյոք իրավապահ մարմինների գործողությունները հանգեցրել են պատանդների մեջ զոհերի թվի ավելացման:
Մոսկվան դատարանին չի ներկայացրել «բավարար և համոզիչ ապացույցներ» այն մասին, որ օգտագործել է միայն անհրաժեշտ և համաչափ ուժ ու միջոցներ:
ՄԻԵԴ-ը պարզել է, որ ռուսական իշխանությունները տեղեկություն են ունեցել նախապատրաստվող ահաբեկչության մասին, բայց նրանք չեն ձեռնարկել բավականաչափ միջոցներ վտանգը նվազագույնի հասցնելու համար: Դատարանի կարծիքով՝ պատանդների փրկության գործողությունը նույնպես բավականաչափ մտածված չի եղել:
Հիշեցնենք, որ չեչեն անջատողականներն ավելի քան 1000 պատանդ էին վերցրել Բեսլան քաղաքի թիվ մեկ դպրոցում, որոնց մեծ մասը երեխա էր: Երեք օր անց ռուսական անվտանգության ուժերը գրոհել են շենքի վրա: Զոհվել է 385 մարդ, որոնցից 186-ը երեխա է եղել: Ողջ մնացածների խոսքերով՝ հատուկ ուժերը ոչ համաչափ ուժ են կիրառել: Ոչ մի ռուս պաշտոնյա պատասխանատվություն չի կրել զոհերի մեծ թվի համար:










