Թրամփն Ասադին «անմեղ մարդկանց սպանող մսագործ» է անվանել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Սիրիայում շարունակվող «դաժան» քաղաքացիական պատերազմին, նշել է, որ դրան վերջ տալու ժամանակն է:
«Ժամանակն է վերջ տալ այս դաժան քաղաքացիական պատերազմին, ջախջախել ահաբեկիչներին ու թույլ տալ փախստականներին տուն վերադառնալ»,-ասել է Թրամփը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, 70-ամյա ղեկավարը խոսել է ապրիլի սկզբին սիրիական Իդլիբ նահանգում ենթադրաբար Բաշար ալ Ասադի զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքի մասին՝ նշելով, որ Սիրիայի նախագահն իսկական «մսագործ է»:
Այնուհետև Թրամփը նշել է, որ ապրիլի 6-ի գիշերը սիրիական կառավարական ուժերի ավիաբազաներից մեկի հրթիռակոծությունը լիովին արդարացված էր:
«Նա մսագործ է, մսագործ: Ես վստահ եմ, որ մենք ճիշտ վարվեցինք, չէ՞ որ նրա օգտագործած քիմիական զենքի պատճառով զոհվեցին անմեղ քաղաքացիներ՝ այդ թվում անօգնական երեխաներ»,-նշել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև չի բացառել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր նախապես իմանալ քիմիական հարձակման մասին:










