Եթե ընտրական համակարգի գործի, ապա առաջին երկու տեղերի պայքարը կլինի «Ելք» –ի ու «Երկիր Ծիրանի» կուսակցության միջև. Պետրոս Մակեյան

21:07 • 13.04.17

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը  Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու իր պատճառներն ունի։ Նա Tert.am–ի հետ զրույցում ասաց, թե խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ Հայաստանում ընտրական համակարգ գոյություն չունի։ Ավելին՝ Մակեյանը չի հասկանում, թե ինչ հաշվարկներով են ընդդիմադիր ուժերը մասնակցում ավագանու ընտրություններին։

«Քաղաքական նորաթուխ ուժերն ու գործիչները, որոնք  իրենց ձայները պահելու են, կարծում եմ, պետք է հասկանան, որ 4-5 հարյուր հազար հավելագրումների պարագայում, իրենց ձայները չեն կարող պահել՝ տոկոսը պակասում է։ Հիմա նրանք ի՞նչ հաշվարկով են մտնում քաղաքապետի ընտրության։ Միգուցե հաշվարկն այն է, որ Երևանի ընտրազանգված քաղաքական գիտակցության առումով ավելի ինտելեկտուալ է, քան մարզերինը»,– ասաց նա։

Միևնույն ժամանակ Մակեյանը նկատեց, որ իշխանությունը գործիքներ ունի ընտրությունների վրա ազդելու, իսկ ընդդիմության միակ գործիքը հանրությանը համախմբելն է։ Քաղաքական գործիչը գտնում է, որ ընտրական համակարգի գործելու դեպքում առաջին երկու տեղերի պայքարը կլինի «Ելք» դաշինքի  ու «Երկիր Ծիրանի» կուսակցության միջև։

Հարցին, եթե խնդիրները տեսնում եք, ինչո՞ւ ինքներդ չեք մասնակցում և փորձում լուծում տալ, Մակեյանը պատասխանեց.«Մենք մեր խնդիրը տեսնում  էինք ԱԺ ընտրություններում, որպեսզի կարողանայինք կանխել այս վարչախմբի գոյությունը։ Սա չհաջողվեց, սակայն ավագանու ընտրություններում  նախադեպային   փորձ ունենք՝ 2009 թվականին «Կոնգրես» դաշինքը հզոր էր, բայց չկարողացավ  ընտրակեղծական համակարգի դեմն առնել։ Րաֆֆի Հովհաննիսյան էլ ջախջախիչ հաղթանակ տարավ, սակայն մեկ ամիս հետո մինիմալ արդյունք ունեցավ ավագանու ընտրություններում»,– ընդգծեց Մակեյանը։

Քաղաքական գործիչը նկատեց, որ նոր ընտրական համակարգով քաղաքական ուժերը ձայների ինչ տոկոս էլ հավաքեն, միևնույն է, ավագանու կազմում տեղ են ունենալու։ Նրա խոսքով՝ այս ամենը գիտակցելով՝ սպասարկում ես իշխանության շահերը։

«Մենք պետք է հավաքվենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բայց, օրինակ՝ Զարուհի Փոստանջյանի մասնակցությունը ես հասկանում եմ, քանի որ նոր  քաղաքական կուսակցություն է ձևավորել և ցանկանում է քաղաքական գործընթացի մասնակցել։ Նրա մասնակցությունն ինչ–որ չափով  տրամաբանական է, միգուցե, եթե մենք էլ Զարուհու փոխարեն լինեինք, մասնակցեինք։ Սակայն ով–ով՝ Զարուհին գիտի իշխանության կեղծիքների մակարդակը, և պետք է կշեռքի նժարի վրա դնի, թե որն է շահեկան։ Ինչ վերաբերում է «Ելք»–ին, ասեմ, որ եթե նրանք Հրազդանի ընտրություններից, Գյումրիի, Վանաձորի ՏԻՄ ընտրություններից , խորհրդարանական ընտրությունից հետո մասնակցում է, ես չեմ հասկանում»,–եզրափակեց Պետրոս Մակեյանը։

 

ՀեղինակԱնի Օհանյան