Տիգրան Սարգսյանն ու Ալմազբեկ Աթամբաևը քննարկել են վաղը Բիշքեկում կայանալիք ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին առնչվող հարցեր

18:10 • 13.04.17

Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ վերջինիս տեղեկացրել է վաղը Բիշքեկում կայանալիք ԵՏՄ բարձագույն խորհրդի նախապատրաստական աշխատանքների մասին:

Այս մասին հաղորդում է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցության և Միության ինտեգրացիոն ներուժն ուսումնասիրելու հնարավորությունների վերաբերող, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրա-տնտեսական հարցեր:

Ղրղըզստանի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանձնաժողովի գործունեությունը պետք է սևեռված լինի եվրասիական տարածքում բիզնեսի խթանման համար լավագույն պայմաններ ստեղծելու վրա:

Հաղորդվում է նաև, որ ԵՏՄ երկրները ձեռնամուխ են լինելու ԵՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացմանը: Եվրասիական նոր Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի անդամ բոլոր 5 երկրների կողմից ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին այս մասին տեղեկացնելուց հետո:

Մաքսային օրենսգիրքը Միության իրավանորմատիվ բազայի հիմնական փաստաթղթերից է:  Մաքսային նոր օրենսգիրքը, որը կփոխարինի Մաքսային միության գործող Մաքսային օրենսգրքին, մշակվել է 3 տարվա ընթացքում: