Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ նրա դեմ դավադրություն էր պատրաստվում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է օրերս Սան Ֆելիքս քաղաք այցելության ժամանակ նրա դեմ դավադրություն կազմակերպելու փորձի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ցուցարարները տարբեր իրեր են նետել Մադուրոյի մեքենայի վրա և նրա հասցեին վիրավորական արտահայտություններ բացականչել, երբ նա ռազմական ջիպով շրջել է Սան Ֆելիքսում և ողջունել իր կողմնակիցներին:
«Որոշ անձինք այնտեղ խելագարվեցին՝ հիմարություններ ասելով, նրանք դավադրություն էին պատրաստում, և ժողովուրդը թույլ չտվեց դա կազմակերպել»,- ասել է Մադուրոն:
Երկրի նախագահը շնորհակալություն է հայտնել իրեն փրկողներին սիրո և աջակցության համար: Նա հիշեցրել է նաև ժամանակին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ուգո Չավեսի դեմ պետական հեղաշրջման փորձի մասին, որն ավարտվել էր անհաջողությամբ: «Դա նույն մարդիկ են, նրանք նույն նպատակներն ունեն, և կա նույն ժողովուրդը, որը նրանց դիմակայում է և հաղթում նրանց»,- նշել է Վենեսուելայի նախագահը:
Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է:
Անցած ամսվա վերջին Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները՝ Ազգային ասամբլեայի փոխարեն:
«Քանի դեռ շարունակվելու է անհարգալից վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ և Ազգային ասամբլեայի կողմից անվավեր որոշումների կայացումը, դատական մարմինը երաշխավորում է, որ անմիջականորեն կկատարի խորհրդարանական պարտականությունները` իրավարար պետության պահպանման համար»,- ասված էր Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Գերագույն դատարանը, հետևելով Վենեսուելայի անվտանգության խորհրդի կոչին, չեղարկել է խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը:










