Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ժամանակ 5 մարդ է զոհվել. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ուղղված ցույցերի ընթացքում 5 մարդ է զոհվել՝ այդ թվում նաև 13-ամյա տղա:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ Estrategia & Negocios թերթին հղումով, մահվան դեպքերը գրանցվել են ապրիլի 6-ին և 11-ին: Նրանց մահվան պատճառները դեռևս անհայտ են:
Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Խուան Ռեկվեսենսը մանրամասնել է, որ 5-րդ զոհը կին է. նա խեղդվել է արցունքաբեր գազից:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 6-ից Վենեսուելայում հակակառավարական ցույցերի նոր ալիք է սկսվել:
Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերի պատճառ է դարձել երկրում քաղաքական ճգնաժամի հերթական սրացումը:
Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է:
Անցած ամսվա վերջին Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել է, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները Ազգային ասամբլեայի փոխարեն:
«Քանի դեռ շարունակվելու է անհարգալից վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ և Ազգային ասամբլեայի կողմից անվավեր որոշումների կայացումը, դատական մարմինը երաշխավորում է, որ անմիջականորեն կկատարի խորհրդարանական պարտականությունները` իրավարար պետության պահպանման համար»,- ասված էր Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Գերագույն դատարանը, հետևելով Վենեսուելայի անվտանգության խորհրդի կոչին, չեղարկել է խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը:













