Ավագանու թեկնածուները պետք է ներկայացնեն պոպուլիզմից  զերծ, իրատեսական  ծրագրեր. Հովհաննես Թոքմաջյան

21:24 • 14.04.17

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, Պոլիտեխնիկ ինստիտուտի նախկին ռեկտոր, Երևան ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանը, ով նաև ՀՀԿ ավագանու ցուցակում է, կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը պետք է ներկայացնեն պոպուլիզմից զերծ, իրատեսական ծրագրեր: Tert.am-ի հետ զրուցում նա նշեց, որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն կանաչ զանգվածների ավելացումը, քաղաքաշինության, տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները:

-Պարո՛ն Թոքմաջյան, Ձեր կարծիքով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող   ուժերն ի՞նչ ծրագրեր պետք է ներկայացնեն , ո՞ր խնդիրները հատկապես պետք է թիրախավորել և առաջարկել լուծման ճանապարհներ:

-Երևանը պետք է պահի իր դիմագիծը, լինի մաքուր, ապրելու համար հարմար քաղաք: Սա է կարևորը: Ծրագրերը պետք է լինեն իրատեսական և զերծ պոպուլիզմից: Դրանց լուծման ճանապարհները մեր կողմից հիմնականում մշակված են դեռևս նախորդ տարիներից: Երևանցիների վստահության քվեն ստանալու դեպքում կշարունակենք դրանց իրականացումը և, իհարկե, կմշակենք զարգացման նոր ուղիներ: Եվ սա անընդհատ գործընթաց է:

- Գործող ավագանին ի՞նչ քայլեր է ձեռնարկել մայրաքաղաքում ճարտարապետական դիմագծի պահպանման համար: Վերջին տարիների ընթացքում մի շարք ճարտարապետական արժեք ներկայացնող շենքեր քանդվեցին։ Այս խնդիրներին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ճարտարագիտական արժեք ներկայացնող շենքերը պահպանվում են պետության կողմից: Դրանց ճակատագիրը տնօրինում է այլ կազմակերպություն և այդ գործառույթները դուրս են քաղաքապետարանի լիազորության շրջանակներից: Ամեն դեպքում, կարծում եմ, որ պետք է արվի հնարավորինը հին շենքերը պահպանելու համար: Խոսքն անցյալ դարի 70-ականներին կառուցված սոցիալական նշանակության բնակելի շենքերի մասին չէ, այլ նրանց, որոնք Երևանի դիմագիծն են կազմավորել:

- Գործող քաղաքապետի աշխատանքին ինչպիսի՞ գնահատական կտաք, Զարուհի Փոստանջյանին կամ Նիկոլ Փաշինյանին պատկերացնո՞ւմ եք քաղաքապետի պաշտոնում:

– Տարոն Մարգարյանի գործունեությունը դրական եմ գնահատում: Երևանում որակական փոփոխություններն ակնհայտ են: Կառուցվել են կարևորագույն նշանակության մայրուղիներ, զգալիորեն ավելացել է կանաչ զանգվածը, ծավալուն աշխատանքներ են կատարվում տարբեր ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Կատարված աշխատանքների մասին կարելի է երկար խոսել: Ինչ վերաբերում է քաղաքապետի պաշտոնում որևէ անձի տեսնելու իմ պատկերացումներին, ապա դա ոչ իմ և ոչ էլ որևէ անհատի խնդիրը չէ. դա Երևանի բնակիչների հավաքական կարծիքն է, որը պետք է որոշվի ընտրությունների արդյունքում: Ձայն բազմաց` ձայն Աստծո: Մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է մասնակցել ընտրություններին և աջակցել արդար ընտրությունների անցկացմանը: