Պենտագոնը հրապարակել է «բոլոր ռումբերի մայր» ռումբի փորձարկման տեսանյութը (տեսանյութ)
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրապարակել են տեսանյութ, որում երևում է GBU-43/B ռումբի փորձարկումը: Այս ռումբն անվանում են «բոլոր ռումբերի մայր» (Mother Of All Bombs): Այն բեքրոնիմ է իրական Massive Ordnance Air Blast անվանումից, որը խոշոր տրամաչափի ավիացիոն ռազմամթերք է, հայտնում է BBC-ն:
Արխիվային կադրերը, որոնք նկարահանվել են դեռ 2003 թվականին փորձարկումների ժամանակ, հրապարակվել են, երբ Պենտագոնում հայտնել են Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների դեմ գերհզոր ֆուգասային ավիառումբի կիրառման մասին:
Հարվածը հասցվել է Նանգարհար շրջանում: Ինչպես հայտարարել է ամերիկյան հրամանատարությունը, GBU-43-ի օգնությամբ զինվորականները ցանկացել են ոչնչացնել թունելների և քարանձավների համակարգը, որն օգտագործում են գրոհայինները: Գործողության նախապատրաստությունը զբաղեցրել է մի քանի ամիս: Ռմբակոծման արդյունքների մասին դեռ չի հաղորդվում:
2003 թվականին GBU-43/B-ն աշխարհում ամենահզոր ավիառումբն էր: Պայթյունի հզորությունը տրոտիլային համարժեքով կազմում է 11 տոննա , խոցման շառավիղը՝ մոտ 140 մետր, մասնակի ավերածություններ են տեղի ունենում էպիկենտրոնից մինչև 1,5 կիլոմետր հեռավորության վրա: Նախկինում այդ զենքը երկու անգամ փորձարկվել է, բայց ոչ մի անգամ չի կիրառվել մարտական պայմաններում:










