United Airlines-ի ինքնաթիռից բռնի կերպով դուրս բերված ուղևորը վերականգնողական վիրահատության կարիք ունի
United Airlines ավիաընկերության ուղևոր Դևիդ Դաոն, ում բռնությամբ դուրս էին բերել ինքնաթիռից, վերականգնողական վիրահատության կարիք ունի: Այդ մասին հայտնել է տուժածի փաստաբան Թոմաս Դեմետրիոն, հայտնում է ABC News-ը:
Կոտրվել է 69-ամյա Դաոյի քիթը, նա զրկվել է մի քանի ատամից, բժիշկները նաև նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում:
Ապրիլի 12-ին փոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Օսկար Մունյոսը հրաժարվել էր հրաժարական տալ սկանդալի պատճառով: Թոփ մենեջերը խոստացել էր, որ նման բան այլևս չի կրկնվի: Միջադեպից հետո United Airlines-ի կապիտալիզացիան նվազել է ավելի քան 750 միլիոն դոլարով:
United Airlines-ի ինքնաթիռում միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին, Չիկագոյի օդանավակայանում: Ընկերությունը չափից շատ տոմս է վաճառել և լրացուցիչ փոխհատուցման դիմաց առաջարկել է մի քանի ուղևորների դուրս գալ ինքնաթիռից:
Կամավորներ չեն հայտնվել, և այդ ժամանակ ընկերության մենեջերն ինքն է ընտրել մարդկանց, ովքեր պետք է դուրս գան ինքնաթիռից: Նրանցից մեկը՝ բժիշկ Դևիդ Դաոն, հրաժարվել է՝ նշելով, որ նա անպայման պետք է թռչի, քանի որ իրեն սպասում են հիվանդները:
Դաոյին ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներն ուժով հեռացրել են ինքնաթիռից: Տեսանյութը, որտեղ նրան բռնությամբ ձեռքերից և ոտքերից բռնած դուրս են հանում ինքնաթիռից, մեծ տարածում է գտել համացանցում: Սոցիալական ցանցերում United-ը քննադատության ալիքի է ենթարկվել:










