Ղրղզստանը 110 միլիոն դոլարի վարկ կստանա ԵԱՏՄ-ի միջոցով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրղզստանը 110 միլիոն դոլարի վարկ կստանա Եվրասիական տնտեսական միության զարգացման ինստիտուտների միջոցով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր երկրների տնտեսական աճի, ֆինանսական կայունության ապահովման ակտուալ հարցերի լուծման գործում կարևոր դեր է խաղում Եվրասիական զարգացման բանկը և նրա կողմից կառավարվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը: Բանկը զգալի դեր է կատարում խոշոր ներդրումային նախաձեռնությունների իրականացման գործում»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նշել է, որ այդ նպատակների իրականացման համար արդեն նախատեսված է մոտ 4 միլիարդ դոլար:
«Նման համագործակցության վերջին օրինակը Ղրղզստանի Հանրապետությանը երկրում ենթակառուցվածքային կոնկրետ նախագծերի ֆինանսավորման համար 110 միլիոն դոլար վարկի տրամադրման մասին վերջերս ստորագրված համաձայնագիրն է»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահը ժամանել է Բիշքեկ, որտեղ տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հանդիպումը և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը:










