Իրանը և ԵԱՏՄ-ն չեն կարողացել պայմանավորվել ազատ առևտրի գոտու մասին
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, Եվրասիական միության երկրները բավարարված չեն Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանից: Այդ մասին լրագրողներին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ո՛չ, չի՛ ստորագրվել: Բայց պետք է աշխատել, որովհետև երկրները բավարարված չեն իրանական կողմի պատասխանից»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ստորագրվել է համաձայնագիր ԵԱՏՄ-ի և Իրանի միջև:
Ավելի վաղ իրանագետ Արմեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև նախատեսվող ազատ առևտրի համաձայնագիրը շահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար:










