Դպրոցի տնօրենները պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած անձանց դեմ, այլ ոչ լրագրողի. Սերժ Թանկյան
Հանրահայտ «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանին:
Նա հրապարակել է լուրն առ այն, որ հայաստանյան դպրոցների տնօրենները դատի են տվել Դանիել Իոաննիսյանին՝ հրապարակված ձայնագրությունների առնչությամբ, և գրել է, որ նրանք պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած անձանց դեմ, այլ ոչ լրագրողի:
«Ես հանդիպել եմ Դանիել Իոաննիսյանին մի քանի շաբաթ առաջ մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և Instagram-ում հրապարակել մեր միասին լուսանկարը՝ գնահատելով նրա ջանքերը լրագրողական ակտիվիզմի ոլորտում: Կոռուպցիային և անարդարությանն ուշադրություն հրավիրողը պետք է գովասանքի արժանանա, այլ ոչ հետապնդման ենթարկվի: Եթե ներգրավված դպրոցի տնօրեններն ամաչում են իրենց ոչ պատշաճ գործողությունների բացահայտման համար, նրանք պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած անձանց դեմ, այլ ոչ լրագրողի»,- գրել է Թանկյանը Facebook-ի իր էջում:










