ԱՄՆ-ն պատրաստ է Հս. Կորեային հարվածել «Տոմահավկ» հրթիռներով. NBC News

10:21 • 14.04.17

Միացյալ Նահանգները պատրաստ է ոչ միջուկային զենքերով կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային, եթե Փհենյանը միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանքներ անցկացնի:

Այս մասին հայտնում է NBC News-ը՝ ամերիկյան հետախուզությունում ունեցած աղբյուրներին հղումով:

Նրանց խոսքով՝ Միացյալ Նահանգները «Տոմահավկ» հրթիռներով համալրված 2 ռազմանավ է տեղակայել Հյուսիսային Կորեայի ափերից մոտ 500 կմ հեռավորության վրա: Բացի այդ, Գուամում տեղակայվել են ծանր ռմբակոծիչներ, որոնք հարկ եղած դեպքում ևս պատրաստ են հարձակման:

Հիշեցնենք, որ օրերս Պենտագոնն ԱՄՆ ռազմածովային ուժերի «Կառլ Ուինսոն» ավիակիրն ու հարվածային խումբն ուղարկել է Հյուսիսային Կորեայի ափերի մոտ:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ պատասխան հարվածը կարող է ներառել հրթիռների, ռումբերի կիրառում, կիբեռ և հատուկ ցամաքային գործողությունների անցկացում:

Մինչդեռ Հյուսիսային Կորեան երեկ նախազգուշացրել է, որ «անողոք պատասխան կտա ԱՄՆ կողմից ցանկացած գործողության»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի իշխանությունները, անտեսելով միջազգային հանրության լուրջ նախազգուշացումներն ու Միացյալ Նահանգներից ստացվող սպառնալիքները, պատրաստվում են հերթական միջուկային փորձարկման, որը, հավանաբար, տեղի կունենա ապրիլի 15-ին՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր հայր համարվող Կիմ Իր Սենի ծննդյան օրը: 

Դա կլինի Փհենյանի 6-րդ միջուկային փորձարկումը: Հայտնի է, որ միջուկային ռումբը պայթեցվելու է ստորգետնյա թունելում. այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

Հյուսիսկորեական իշխանությունները երկրում գտնվող օտարերկրացի լրագրողներին նախազգուշացրել են պատրաստվել «կարևոր միջոցառման», և չի բացառվում, որ խոսքը միջուկային փորձարկման մասին է: