Ամերիկացի դեռահասը պատահաբար ինքնասպան է եղել Instagram Live-ի ուղիղ հեռարձակման ժամանակ

13:08 • 14.04.17

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի 13-ամյա բնակիչը պատահաբար ինքնասպան է եղել Instagram Live-ի ուղիղ հեռարձակման ընթացքում: Այս մասին հայտնում է 11alive պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ` ուղիղ եթերի ժամանակ Մալաչի Հեմփֆիլը որոշել է ատրճանակ ցույց տալ իր հանդիսատեսին: Տղայի մոր խոսքով` ընտանիքի անդամները խլացուցիչ ձայն են լսել, վազել են նրա սենյակ և հայտնաբերել նրան գետնին պառկած` արյան մեջ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Հեմփֆիլի ընկերները, ովքեր հետևել են ուղիղ հեռարձակմանը, արագ հասել են նրա տան մոտ: Մահացածի մայրը պատմել է, որ տան պատուհանների մոտ 50 երեխա է հավաքվել, որոնք ցանկացել են իմանալ նրա վիճակի մասին:

Այժմ ոստիկանությունը պարզում է` ինչպես է անչափահասը կարողացել ատրճանակ գտնել: Տղայի մայրը նշել է, որ զենքը նրան տվել է ընկերը, իսկ վերջինս իր հերթին այն ստացել է անհայտ անձից:

Մահացածի ընտանիքի անդամների խոսքով` իրենք փորձել են հետևել Հեմփֆիլի ակտիվությանը սոցցանցերում, սակայն երբեմն անհնար է եղել հետևել նրա գրառումների հոսքին: