Ապրիլի 24-ին Թրամփը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրույթը. կարծիքներ ամերիկահայերից
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին չի արտասանի «Ցեղասպանություն» բառը, որպեսզի Թուրքիային չտխրեցնի, հատկապես հիմա՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում Սիրիայում: Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Գլենդելի Prime Health Care-ի նախագահ Մայք Սարյանը, ով կապեր ունի ԱՄՆ Հանրապետականների հետ և ով ժամանակին կազմակերպել էր Սարգսյան-Փենս հեռախոսազրույցը:
«Բայց կարծում եմ՝ Թրամփը հանդես կգա Հայոց ցեղասպանությունը հարգող հայտարարությամբ: Նա կասի, թե մենք հարգում ենք զոհերի և սարսափելի ողբերգության հիշատակը»,- ասաց նա:
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանն էլ նշեց, որ հույս ունի, որ Դոնալդ Թրամփը կընդունի Հայոց ցեղասպանությունը՝ 1915 թվականի իրադարձությունները պատշաճ ձևով համարելով ցեղասպանություն:
«Նախագահը հայտնի է իր ոչ ավանդական պահվածքով, և ես հավատում եմ, որ կա լավ հնարավորություն, որ նա այս տարի կճանաչի Ցեղասպանությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման էր 2008թ. նախագահական քարոզարշավի ընթացքում խոստացել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո նա այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը և 1915թ. հայերի կոտորածները ապրիլքսանչորսյան բոլոր ուղերձներում անվանեց հայերեն «Մեծ եղեռն», որը իրավական նշանակություն չունի:
Նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ժամանակ երբևէ չի խոսել հայկական հարցերի շուրջ, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ևս ոչ մի խոստում չի տվել:
Նշենք նաև, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ավելի քան 80 անդամներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թրամփին ուղղված նամակի տակ իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների և Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների կարևոր ղեկավարներ՝ հանրապետական Էդ Ռոյսը և Դևին Նունեզը և հանձնաժողովի ղեկավարի տեղակալներ, դեմոկրատ կոնգրեսականներ Էլիոթ Էնգելը և Ադամ Շիֆը: Դոնալդ Թրամփին ուղղված կոչին են միացել նաև մի շարք սենատորներ: Նրանցից է Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էդ Մարքին:










