Նախկինում քանի կետով էին դիմում, այս անգամ՝ քանի, առաջընթաց կա. Վահրամ Բաղդասարյանը՝ ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման մասին

12:19 • 14.04.17

5-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է 1020 օրենքներ, 190 միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ նոր Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրք, ԱԺ կանոնակարգ օրենք, Հարկային օրենսգիրք: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Վերջինս առանձնացրեց ապրիլյան իրադարձությունների ժամանակ իշխանության ու ընդդիմության «բուռն համագործակցությունը»՝ նշելով, որ դա ոգևորեց սահմանը պահող զինվորներին:

«Հուսով եմ, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը Հայաստանի պատմության մեջ նոր էջ կգրի, որովհետև մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մուտք ենք գործում խորհրդարանական կառավարման համակարգ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Իշխող խմբակցության ղեկավարը խոսեց նաև ՀԱԿ-ի հայտարարության մասին՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու վերաբերյալ: Այս առնչությամբ Վ. Բաղդասարյանը նշեց. «Չէի ցանկանա ՍԴ փոխարեն պատասխաններ տալ, բայց եթե նայում եմ նախորդ ընտրություններին քանի կետով էին դիմում, իսկ այս ընտրություններին քանի կետով են դիմում, բավական առաջընթաց կա, որովհետև երեք հիմքով են դիմել: Իսկ դրա պատասխանը կտա ՍԴ-ն»:

Ճշտող հարցին՝ ՀՀԿ թեկնածուները վարչական ռեսուրս չե՞ն կիրառել, ընտրակաշառք չե՞ն բաժանել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նման լայնածավալ ընտրությունների ժամանակ ոչինչ բացառել հնարավոր չէ, կարող է եղած լինեն նման նեգատիվ երևույթներ, արջի ծառայություններ: Իսկ վարչական ռեսուրսները լայն հասկացություն է, դրա սահմանումն ու մեկնաբանությունը պետք է տրվի, թե ինչ է նշանակում վարչական ռեսուրս կիրառելը»:

Բաղդասարյանը հավաստիացրեց՝ ինքն էլ, լինելով ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, իր քարոզարշավի ժամանակ որևէ նման երևույթ չի իրականացրել: «Կատեգորիկ բացառում եմ: Եթե կարող եք գոնե մեկ օրինակ բերել, կարող եմ դրան անդրադառնալ ու ներողություն խնդրել»: