39-ամյա կինն իրեն ցած է նետել Վեդի գետի կամրջից. նա կենթարկվի վիրահատության
Ապրիլի 13-ին Արարատի մարզի Վեդի քաղաքի կամուրջներից մեկից մի կին իրեն ցած է նետել:
Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է. «Երեկ հայտնել են, որ Վեդիի Գոռավան կամրջից մի աղջիկ ցած է նետվել»:
Նրա խոսքով՝ պարզվել է, որ Վեդի քաղաքին հարակից Վեդի գետի կամրջից ցած է նետվել 1978 թվականին ծնված քաղաքացի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքացին Վեդու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ և հավանաբար վաղը կենթարկվի վիրահատության. «Նա հիվանդանոց էր տեղափոխվել գոտկային առաջին ողի տեղաշարժող կոտրվածքով: Հենց այդ պատճառով էլ հավանաբար վաղը կենթարկվի վիրահատության: Հրաշքով կյանքին վտանգ չի սպառնում և հրաշքով փրկվել է ողնաշարի հատվածից հաշմանդամ դառնալուց»:










