Նյու Յորքի կայարաններից մեկում զանգվածային խուճապի հետևանքով տուժել է 16 մարդ (լուսանկարներ)

09:57 • 15.04.17

Նյու Յորքի Փենսիլվանիայի կայարանում (Փեն-Սթեյշն) 16 մարդ է տուժել խուճապի հետևանքով, երբ ոստիկանությունն էլեկտրաշոկեր է կիրառել խուլիգանի դեմ: Այս մասին հայտնում է NBC News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` մարդիկ սկսել են վազվզել կայարանում և ապաստան փնտրել` կարծելով, թե խուլիգանի դեմ կիրառված էլեկտրաշոկերը կրակոցներ են:

Նշվում է, որ մարդիկ սկսել են թաքնվել աղբամանների և սյուների հետևում` թողնելով իրենց իրերը:

Իրարանցման հետևանքով 16 մարդ ստացել է թեթև վնասվածքներ, բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել նրանց: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ բազմաթիվ ահազանգեր են ստացվել կայարանում կրակոցների մասին հաղորդած քաղաքացիներից, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել: