Չնայած զգուշացումներին` հայաստանցիները շարունակում են Եգիպտոս մեկնել. տուրօպերատորներ
Չնայած Եգիպտոսում հայտարարված արտակարգ իրավիճակին և ՀՀ արտաքին գործերի նախարարության զգուշացումներին, հայաստանցիները շարունակում են հանգստի մեկնել այդ երկիր:
«Գո թրեվլ» տուրիստական ընկերության ներկայացուցիչը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերության միջոցով մեկնած մոտ 10 զբոսաշրջիկ այս պահին գտնվում է Եգիպտոսում, իսկ «Սքայ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Արթուր Միրաքյանն էլ հայտնեց, որ այժմ 20-25 հանգստացող կա Եգիպտոսում:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով խորհուրդ է տալիս Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին չլքել հանգստի գոտիները, խուսափել կուտակումներից՝ հաշվի առնելով ապրիլի 9-ին Ալեքսանդրիայի և Տանտայի Ղպտի ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և այդ կապակցությամբ 3 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին ԵԱՀ կառավարության կողմից ընդունված որոշումը:
«Մենք տուրիստներ ունենք, ովքեր հիմա ընտանիքներով այնտեղ են և ցանկացողներ էլի կան: Մենք ամեն դեպքում տեղեկացնում ենք Եգիպտոսում տիրող իրավիճակի մասին, բայց թե՛ նախկինում գնացած, թե՛ հիմա այնտեղ գտնվող տուրիստները փոխանցում են, որ տուրիստական գոտիներում որևէ վտանգ չկա»,- ասաց «Գո թրեվլ» տուրիստական ընկերության աշխատակիցը:
Հարցին, թե ինչո՞ւ են հայերը նախընտրում հենց Եգիպտոս մեկնել, այլընտրանք չկա՞, «Գո թրեվլի» աշխատակիցը պատասխանեց, որ Եգիպտոսը և՛ մատչելի է, և՛ ծովափնյա հանգիստ է: Նրա տեղեկացմամբ՝ այնտեղ որտեղ ընտանեկան հանգստի համար լավ տարբերակներ կան և նույն գնին համարժեք տարբերակներ չկան, մյուս ուղևորություններն անհամեմատ ավելի թանկ են:
Ընկերության աշխատակիցը նաև հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր տուրիստական գործակալություններն էլ դեպի Եգիպտոս ուղևորություններ կազմակերպում
են, ավելին, դա նրանց հիմնական ուղղությունն է:
«Սքայ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Արթուր Միրաքյանն էլ նշեց, որ այժմ տուրիստական շրջան չէ հիմա, դրա համար էլ այս պահին Եգիպտոսում հանգստացողների թիվն այդքան քիչ է՝ 20-25 հոգի: Միրաքյանի խոսքով՝ տուրիստական գոտիներում ապահով է զբոսաշրջիկների համար, միայն ռիսկային է երբ այդ գոտիներից դուրս են գալիս. «Մենք հորդորում ենք, որ դուրս չգան»:
«Ես ամեն օր կապի մեջ եմ Հայաստանում Եգիպտոսի դեսպանի հետ, և անընդհատ իրավիճակը պահում եմ իմ ուշադրության տակ: Կարող եմ ասել, որ Եգիպտոսի իշխանությունները ամեն ինչ անում են, որ տուրիստական գոտիները զերծ պահեն ահաբեկչական գործողություններից: Տուրիստական գոտիները, ոնց որ Եգիպտոսից դուրս պետություններ լինեն, որոնք հատուկ տուրիստական ոստիկանությունով են հսկվում»,- նշեց Միրաքյանը:
«Էլ ընդ Այ տուր» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Հարությունյանը տեղեկացրեց, որ վերջին ահաբեկչական գործողություններից հետո ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրել են միջադեպի մանրամասները և հայտնել են Եգիպտոսում հայտարարված արտակարգ իրավիճակի մասին:
«Մեր մոտից ոչ ոք այս պահին չի հանգստանում Եգիպտոսում: Չենք գովազդում Եգիպտոսի ուղևորությունները, բայց ցանկացողները նորից շատ են: Եգիպտոս մեկնել ցանկացողներին փորձում ենք այլ տեղեր ուղղորդել: Ես իրավիճակը ներկայացնում եմ հաճախորդին, եթե այդքանից հետո իր երեխային կվերցնի կգնա, էլ ինչ ասեմ»,- նշեց Աննա Հարությունյանը:










