Բաքվում Մարատ Գալուստյանի դատը երկար չի տևել․ նրան թույլ չեն տվել, որ հաղորդակցվի ՌԴ-ի հյուպատոսության բաժնի ղեկավարի հետ

15:21 • 15.04.17

Ապրիլի 13-ին Բաքվի դատարանում կայացել է ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց նրա քույրը՝ Մարիաննա Միրզոյանը:

«Եղբորս խոսքով՝ դատը երկար չտևեց»,- պատմեց նա՝ նշելով, որ երեկ է հեռախոսազրույց ունեցել նրա հետ: Մարիաննա Միրզոյանը նշեց, որ եղբայրը ապրիլի 13-ից հետո ցանկացել է հաղորդակցվել Բաքվում Ռուսաստանի հյուպատոսության բաժնի ղեկավար Օլգա Յուրիևայի հետ, որը ներկա է եղել դատական նիստին, բայց նրան դա թույլ չեն տվել:

«Մարատը երեկ նաև նամակ է գրել Օլգա Յուրիևային, սակայն վստահ չէ, որ նամակը հասցեատիրոջը կհասնի: Նա ցանկանում է Ռուսաստանի դեսպանատան միջոցով նամակ ուղարկել Ֆրանսիա՝ Եվրոպական դատարանում իր ներկայացուցչին: Ինչպես նաև՝ ապրիլի 10-ին նա նամակ է գրել մեկուսարանի ղեկավարությանը՝ հայտնելով Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու իր ցանկության մասին»,- պատմեց Մարիաննա Միրզոյանը:

Նա նաև նշեց, որ եղբայրը շարունակում է դժգոհել իր առողջական վիճակից: «Նրան շատ անհանգստացնում է ստամոքսի ցավը և ընդհանուր առողջական վիճակը: Եվ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչնչում մեղավորություն չունեցող անձը հայտնվել է այդ վիճակում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալվել և անազատության մեջ է պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները համարում են, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Մարատ Ուելդանովն Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ: