Հյուսիսային Կորեայի առօրյան` ավստրալացի լրագրողի ֆոտոշարքում (լուսանկարներ)

13:57 • 15.04.17

Ավստրալական Մելբուրն քաղաքում բնակվող լրագրող և լուսանկարիչ Ադամ Բայդավին մեկնել է աշխարհի ամենափակ և խորհրդավոր երկրներից մեկը` Հյուսիսային Կորեա, և հետաքրքրաշարժ ֆոտոշարքի միջոցով ներկայացրել բնակիչների առօրյան:

The Daily Mail-ը գրում է, որ վիզայի համար դիմելու ժամանակ Բայդավին թաքցրել է իր մասնագիտությունը, ահա թե ինչու իրեն հաջողվել է մուտք գործել երկիր: Տղամարդը զբոսաշրջային վիզա է ստացել և վերահսկվող տուրի շրջանակներում մեկ շաբաթ անցկացրել երկրում:

«Այս ֆոտոշարքը պատրաստելու համար աշխատել եմ երեք տարի: Մարդկանց մեծամասնության համար ընդհանրապես դժվար չէ զբոսաշրջային վիզա ստանալ և այցելել Հս. Կորեա, սակայն լրագրողների և լուսանկարիչների համար բոլոր ճանապարհներն արգելափակված են», - պատմել է լրագրողը:

Բայդավիի խոսքով` նույնիսկ զբոսաշրջիկի կարգավիճակում անհնար է մենակ մնալ Հս. Կորեայում:

«Քեզ մոտ մշտապես գտնվում է շատ լավ պատրաստված երկու էքսկուրսավար: Պահանջվում է բնակվել միայն զբոսաշրջիկների համար նախատեսված հյուրանոցներում և մեկուսացված լինել Փհենյանի մյուս մասերից, այսինքն` իրական շփումից տեղացիների հետ: Չես կարող միայնակ դուրս գալ հյուրանոցից, առավոտյան վազքով զբաղվել կամ մայրամուտին զբոսնել քաղաքում», - իր ճանապարհորդությունը վերհիշել է Բայդավին:

Նրա խոսքով` զբոսաշրջիկներին խստորեն արգելվել է լուսանկարել զինվորականներին և շինարարական հրապարակները:

«Նրանք անընդհատ խնդրում էին լուսանկարել միայն գեղեցիկ բաները` պատճառաբանելով, որ այլ երկրներ փորձում են վատ լուսանկարներն օգտագործել իրենց դեմ», - հավելել է նա: