Վենեսուելայում ձերբակալվել է ցույցերի 470 մասնակից, վիրավորվել է ավելի քան 200 մարդ

13:44 • 16.04.17

Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են 470 մարդու հակակառավարական ցույցերի ժամանակ. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Երկրի ազգային ասամբլեայի առողջության հարցերով հանձնաժողովի ղեկավար Խոսե Մանուել Օլիվարեսի տվյալներով՝ վնասվածքներ է ստացել առնվազն 200 մարդ:


Ինչպես հայտնել է Foro Penal ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն, իշխանությունները ապրիլի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալել են 470 մարդու: Կալանքի տակ է մնում 188 մարդ:


Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է:


Անցած ամսվա վերջին Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները՝ Ազգային ասամբլեայի փոխարեն:


«Քանի դեռ շարունակվելու է անհարգալից վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ և Ազգային ասամբլեայի կողմից անվավեր որոշումների կայացումը, դատական մարմինը երաշխավորում է, որ անմիջականորեն կկատարի խորհրդարանական պարտականությունները` իրավարար պետության պահպանման համար»,- ասված էր Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ:


Ավելի ուշ Գերագույն դատարանը, հետևելով Վենեսուելայի անվտանգության խորհրդի կոչին, չեղարկել է խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը: