Christie’s-ի աճուրդում կներկայացվի Խրուշչովի գաղտնի զեկույցը
Խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի գաղտնի զեկույցը և լուսանկարներով հազվագյուտ ալբոմը կլինեն XX-րդ դարի աշխարհաքաղաքական կարևոր իրադարձություններին նվիրված Christie’s աճուրդի տան առաջին առցանց աճուրդի լոտերի թվում, հայտնում է interfax.ru-ն:
«Ապստամբություն: XX-ր դարի աշխարհաքաղաքական կադրերը» առցանց աճուրդը պատմության մեջ առաջին աճուրդն է՝ նվիրված XX-րդ դարի կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններին: Այդ աճուրդին ներկայացվում են լուսանկարներ, պաստառներ, բրոշյուրներ, քարտեզներ և այլ առարկաներ՝ բոլշևիկյան հեղափոխությունից, Իսպանիայի քաղաքացիական պատերազմից, Հնդկաստանի անկախությունից, Թեթչերի դարաշրջանից և շատ այլ պատմական կարևորագույն դրվագներից: Աճուրդը տեղի կունենա Christie’s-ի կայքում ապրիլի 20-ից 27-ը»,- լրագրողներին հայտնել են աճուրդի տանը:
Նշվում է, որ լոտերից մեկը կլինի «Անձի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» Խրուշչովի գաղտնի զեկույցը»:
«Դա Վարշավայում 1956 թվականին հրատարակված Խրուշչովի գաղտնի զեկույցի ամբողջական և կրճատված տարբերակների առաջին հազվագյուտ հրատարակությունն է»,- հայտնել են Christie’s-ում: Լոտի նախնական արժեքը գնահատվում է 2-3 հազար դոլար:










