United Airlines-ը չվերթից հանել է զույգի, որն ուղևորվում էր Կոստա Ռիկա՝ իրենց հարսանիքը նշելու

14:55 • 17.04.17

United Airlines ավիաընկերությունը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ չվերթից հանել է երիտասարդ զույգի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Մայքլ Հոլը և նրա հարսնացու Ամբեր Մաքսվելը պատրաստվում էին թռչել Կոստա Ռիկա՝ այնտեղ իրենց հարսանիքը նշելու համար: Թռիչքից առաջ երիտասարդ անձինք տեղափոխվել են ինքնաթիռում առկա ազատ տեղեր, որոնք, ինչպես պարզվել է, ավելի թանկ արժեին ավելի մեծ հարմարավետության պատճառով: Միջադեպի հետևանքով զույգին հանել են չվերթից:


«ՄԵնք չէինք կարծում, որ դա մեծ նշանակություն ունի, մենք չենք փորձել տեղափոխվել առաջին կարգ: Մենք պարզապես էկոնոմ-դասում մի քանի շարք առաջ տեղափոխվեցինք»,- ասել է Հոլը:


Ավիաընկերությունում նշել են, որ ուղևորները «բազմիցս փորձել են տեղափոխվել ավելի թանկ տեղեր, որոնց համար նրանք չէին վճարել»:


Ավելի վաղ հաղորդվել է United Airlines ինքնաթիռի ներսում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ուղևորներից մեկին ուժով դուրս էին հանել ինքնաթիռից:


Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին, Չիկագոյի օդանավակայանում: Ընկերությունը չափից շատ տոմս է վաճառել և լրացուցիչ փոխհատուցման դիմաց առաջարկել է մի քանի ուղևորների դուրս գալ ինքնաթիռից:


Կամավորներ չեն հայտնվել, և այդ ժամանակ ընկերության մենեջերն ինքն է ընտրել մարդկանց, ովքեր պետք է դուրս գան ինքնաթիռից: Նրանցից մեկը՝ բժիշկ Դևիդ Դաոն, հրաժարվել է՝ նշելով, որ նա անպայման պետք է թռչի, քանի որ իրեն սպասում են հիվանդները:


Դաոյին ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներն ուժով հեռացրել են ինքնաթիռից: Տեսանյութը, որտեղ նրան բռնությամբ ձեռքերից և ոտքերից բռնած դուրս են հանում ինքնաթիռից, մեծ տարածում է գտել համացանցում: Սոցիալական ցանցերում United-ը քննադատության է ենթարկվել: